Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խոչընդոտները
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսական խնդիրները շատ են՝ ֆինանսական միջոցների սահմանափակություն, անհրաժեշտ աշխատուժի պակաս, ներքին սպառման փոքր շուկա, արտաքին շուկաների դժվար հասանելիություն, արտադրական հզորությունների անհամաչափ բաշխվածություն, մարզերի անհամաչափ զարգացում (էջ 3) և այլն։ Այս ֆոնին տնտեսական աճ ապահովողներից է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը։ Այն 1 տասնամյակից ավել պահպանում է աճի տեմպերը։ Այս դրական նորությունների կողքին կան նսև չնկատվող թերություններ։ Փորձենք հերթով ծանոթանալ դրանց հետ։
Նախ՝ մեր ինչի՞ն է պետք այթին։ Մանր խնդիրների լուծման համար նույն հաջողությամբ կարելի է ընտրել հանքարդյունաբերության, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտները, քանի որ դրանց զարգացմամբ էլ ենթադրաբար կարելի է աղքատություն հաղթահարել, ապահովել որոշակի ֆինանսական մուտքեր և այլն։ Դիտարկենք մի քանի երկրի մոդելներ։ Վերցնենք Վրաստանը, որն ունի զարգացած զբոսաշրջություն, բայց պետական պարտք–ՀՆԱ հաշվարկով Հայաստանի համեմատ ունի մի փոքր առավելություն։ Ադրբեջանն անգամ իր նավթով ունի բնակչության՝ Հայաստանի հետ համադրելի կենսամակարդակ։ Սեյշելյան և Մալդիվյան կղզիները զբոսաշրջության ոլորոտում համաշխարհային համբավ ունեն, բայց որպես պետություն նրանց էլի մի բան պակասում է։ Վերցնենք Գերմանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, որոնք արդեն, մյուսներից ավելի կայացած պետություններ են։ Դա է փաստում պետությունների փխրունության ինդեքսը։ Պատճառն այն է, որ այս երկրներն ունեն զարգացած արդյունաբերություն՝ դեղերի արտադրությունից և նանոտեխնոլոգիաներից մինչև մեքենաշինություն և մշակող արդյունաբերություն։ Ստացվում է, որ այթի ոլորտի գոյությունն ու զարգացումն առանձին վերցրած՝ առանց տնտեսության մնացյալ ճյուղերի, անարդյունավետ է, քանի որ տեխնոլոգիական որոշակի առաջընթաց ունենալու դեպքում էլ կարելի է մնալ սպասարկող երկիր մակարդակի։ Օրինակ Հյուսիսային Կորեան և Պակիստանը կարողանում են ատոմային զենք ստեղծել, բայց այդ երկրներն, ապրելով 21–րդ դարում, շատ առումներով քարի դար են հիշեցնում։ Հայաստանն արդեն՝ միջնադար է հիշեցնում, վերջին պատերազմը դրա ապացույցն է։ Չնայած այն բանին, որ Հայաստանն ուներ մեծ նախնական ռեսուրսներ, միևնույն է, չկարողացավ տեխնոլոգիական մրցակցությանն արդյունավետորեն դիմանալ։ Լուծումը մեկն է։ Պետք է հասկանալ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ տնտեսության համար ենթակառուցված ապահովող ուղղություն է ու դրա ինքնուրույն հանդես գալու դեպքում մենք լավագույն դեպքում միայն կարող ենք մի քանի տնտեսական ցուցանիշներ բավարարել, մինչդեռ մեր երկրում շատ են նաև սոգիալհոգեբանական և քաղաքական բնույթի խնդիրները, որոնց մասին՝ հաջորդ հատվածում։
Շատերին կարող է թվալ, որ 300 000 ծրագրավորող ունենալու դեպքում երկրում բոլոր խնդիրներն ավտոմատ կերպեվ լուծվելու են: Եթե այդքան մասնագետ զբաղվելու է արտապատվիրմամբ՝ «outsourcing»–ով, պետբյուջեն կարող է համալրվել, ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիները կարող են լուծվել, բայց դա որոկական աճ չի ապահովելու, այսինքն՝ դա պետականաշինության տեսանկյունից ոչինչ է։ Նախ՝ այստեղ արդեն ի հայտ են գալու ոլորտի հետագա աճը սահմանափակող գործոններ։ Ցանկացած երկրի բիզնես միջավայր պետք է ունենա որևէ գրավչություն։ Այդպիսիք են օրինակ՝ զրգացած գիությունը և էժան աշխատուժը։ Գիտակրթական ոլորտի խնդիրների (18 էջ) մասին բոլորս էլ գիտենք, մնաց՝ էժան աշխատուժը։ Թեև Հայատանն իրեն դիրքավորում է որպես էժան աշխատուժի երկիր (էջ 38), բայց Հայաստանում գները և աշխատավարձերը մոտենում են այնպիսի մակարդակի, որ մեր երկիրը կորցնելու է իր մրցակցային առավելությունը (12 էջ)։ Այսինքն եթե կենտրոնանանք միայն ոլորտում աշխատող մասնագետների քանակը մեծացնելու վրա, ապա ուշ թե շուտ ոլորտն ինքն իրեն կկործանի։ Լուծումը երկարաժամկետ զարգացում և գրավչություն ապահովող քայլերի ձեռնարկումն է, օրինակ՝ գիտության և կրթության բարեփոխումները։ Թեև երկարաժամկետ ռազմավարական պլանավորում իրականացնելը պետական գործառույթ է, դա ինչ–որ չափով արվում է միայն մասնավոր բիզնեսի կողմից։
Մեր երկրում գործող տնտեսական մոդելը չի ենթադրում, որ կառավարությունն ընկերություններում մասնաբաժիններ ձեռք բերի։ Պետական միջամտությունը խանգարելու է բիզնեսի ազատ գործունեությանը։ Կառավարության մասնաբաժնի և բաժնետոմսերի մասին կարելի է և պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ այթի լուծումը և գործիքները համապետական ընդրկում է ունենում, քանի որ այս իրավիճակում անվտանգային բաղադիրչ կլինի։ Օրինակ՝ 2020–ին Վրաստանի տարածքով Հայաստան եկող ինտերնետային մալուխը սպասարկող «Caucasus Online» ընկերությունը վաճառվեց ադրբեջանական «Nexol Holding» — ին, քանի որ Հայաստանը որոշեց չմիջամտել։ Դրա վտանգները պատկերացնելու համար անգամ երևակայություն պետք չէ։ Պետության մասնակցությունը պետք է ոչ միայն ընթացիկ խնդիրների լուծնան համար, ինչպիսիք են հարկային կամ մաքսային օրենսդությունների բացերի շտկումը, այլ նաև գաղափարախոսություն և ուղղություն տալու համար։ Միայն պետությունը կարող է ավտոտնակում բիտքոնի ստեղծման փոխարեն արհեստական բանականության ստեղծումը և դրա ընթացքում ծագող խնդիրների մշակումը համարել առաջնահերթություն, քանի որ սա է ավելի հեռանկարային ուղղություն, դա է ենթադրում կոմպլեքս արտադրական շղթաներ` գիտահետազոտան լուրջ գործունեություն, R&D և STEM, որոնց արդյունքում էլ բուն գիտության ոլորտի խնդիրների շտկում։ Միայն պետությունը կարող է ռազմարդյունաբերական պատվեր տալ և ամենակարևորը՝ լիցենզավորել նման գործունեությունը (էջ 13)։
Հայստանում տնտեսակական զարգացմանը խոչըդոտող խնդիրները չեն սահմանափակվում միայն գիտության, կրթության (էջ 22) ոլորտներով և օրենսդրական դաշտով։ Թեև ոլորտն արդեն ունի հսկայական առաջընթաց, Հայաստանն աշխարհի կողմից դեռ չի ընկալվում որպես այթի նպատակակետ՝ «Destination» երկիր։ Դրա մասին է խոսում ՏՀՏ ոլորտում գործունեթություն ծավալող երկրների մասին «Kearney» խորհրդատվական ընկերության հաշվետվությունը, որում մի քանի տասնյակ երկրների շարքում Հայաստանը ներառված չէ։ «Առաջին քրիստոնյա երկիր», «Կոնյակագործության կենտրոն» և «Հնագույն գինեգործության կենտրոն» բրենդների կողքին պիտի ստեղծվի և առաջ մղվի «Հայաստան՝ հնագույն տեխնոլոգիական կենտրոն» բրենդը։ Հայաստանը, լինելով աշխարհի հնագույն մշակութներից (էջ 6) և քաղաքակրթության հավանական օրրաններից մեկը (էջ 72, 216), հարևան պետություններից և մշակույթներից շատ դեպքերում առաջ էր ընկնում իր օգտագործած տեխնոլոգիական գործիքակազմով՝ մարտակառքեր, մետաղամշակում (New Light on the Most Ancient East, Gordon Childe), աստղագիտություն (Մեծ Խաղը, հատոր 1, Մ․ Հակոբյան, էջ 850) և այլն, հաճախ ունենում էր թելադրողի դիրքեր։ Հայաստանի այսպիսի բրենդի առաջխաղացման կորևոր քայլ կարող է լինել «Ինչու՞ Հայաստան» նախագծի մեկնարկը։
Մեկ այլ խնդիր է հենց ընկերությունների համբավը։ Թեև առանձին ընկերություններ հասնում են հսկայական հաջողությունների, բայց տեղական ընկերությունները դրսում ունեն վստահության խնդիր։ Դա կարելի է շտկել, եթե լինեն տեղական ընկերություններին պետպատվերների հատկացման գործող մեխանիզմներ, որի հետևանքով ընկերությունները ոչ միայն զուտ բիզնես գործունեությամբ գումար կաշխատեն, այլ ձեռք կբերեն «աշխատանքային փորձ», որը հնարավորություն կտա ներկայանալ միջազգային շուկայում։ Բայց այթի արտադրանքի և լուծումների ներքին պահանջարկի մակարդակը ցածր է (էջ 17)։ Պետական և մասնավոր սեկտորը խուսափում են տեղականից։ Արդյունքում այթի ընկերությունն արտաքին աշխարհին հավատ ներշնչելու համար լրացուցիչ ջանքեր է գործադրում, մինչդեռ կարող էր ներկայացնել իր՝ տեղական շուկայում արդեն ներդրած լուծումները։
Փորձենք մի գործնական օրինակի միջոցով հասկանալ ևս մի քանի խնդիր։ Տեղական մասնագետների ջանքերով ստեղծվել է «ՊՆ Լինուքս» օպերացիոն համակարգը, որը գաղտնագրված կապ է ապահովելու պոտենցիալ պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի շրջանառության համար, հետագայում էլ կարող է անվտանգ էլեկտրոնային կառավարման համակարգի հիմք ծառայել։ Բայց դա չի գնահատվում կառավարության կողմից և չի ներդրվում։ Առաջին հայացքից մեղավոր են թվում բոլոր կառույցները և պաշտոնյաները, որոնք պատերազմող երկրում հրաժարվում են գաղտնագրված կապից։ Բայց խնդիրը բազմաշերտ է։ Եկեք այթիի այս առաջարկին նայենք նաև պետական կառույցի տեսանկյունից։ Այդ դեպքում կտեսնենք, որ կա մի գործիք, որի արդյունավետության մասին խոսում է միայն ինքը հեղինակն, այսինքն՝ շահագրգիռ կողմը։ Այստեղ պետական կառույցն իրավունք ունի կասկածել այդ գործիքի արդյունավետության և արտադրաողի օբյեկտիվության վրա։ Լուծումն այն կլիներ, որ մի 3–րդ կողմ, անաչառ և օբյեկտիվ, տար մասնագիտական կարծիք այդ գործիքի անհրաժեշտության վերաբերյալ։ Բայց այդ 3–րդ կողմը դեռ չկա։ Կառավարման համակարգում չկա ընդհանուր քաղծառայության համակարգից դուրս գործող անկախ մարմինը, որը շահագրգիռ չի լինի գործիքի ընդունմամբ կամ մերժմամբ, այլ կզբաղվի իր գործով։ Մեկ այլ խնդիր է կադրերի պակասը, որոնք պիտի օգտագործեին այդ նորարարական լուծումը։ Անկախ մարմնի և մասնագետների բացակայությունը նաև ազդում է պետպատվերի գործընթացի վրա։ Նախ պետք է պատվերը ճիշտ ձևակերպել, տեխնիկական առաջադրանքը ճիշտ կազմել, որոշել գին–որակ ճիշտ հարաբերակցությունը, վճարումը ճիշտ ժամանակին անել և այլն, որոնք չեն արվում մասնագետների և կառույցների բացակայության պատճառով։ Որպես 3–րդ կողմ հանդես են գալիս արտասահմանյան կառույցները և մասնագետները, որոնք չեն տիրապետում տեղական իրողություններին, կարող են հաշվի չառնել ազգային առանձնահատկությունները և սրտացավ չեն։ Նման դեպքերում գումարները հաճախ փոշիացվում են։ Չնայած այս ամենին՝ տեղական ընկերությունները հաջողությունների հասնում են, կարողանում են ստիպել, որ առկա լուծումները կիրառվեն։ Լավ օրինակ է նախնական անվճար STEM կրթություն ապահովող Արմաթ ծրագիրը, որը սկսվել է մասնավորի նախաձեռնությամբ, բայց ստացել է պետական հովանավորություն։ Արդյունքում Հնդկաստանում և Վրաստանում այն լիարժեք ներդրված են մի քանի լաբորատորիաներ։
Հայաստանում ծրագրային ապահովման մշակման և ծառայությունների ոլորտի ընկերությունների 95%–ը հիմնադրվել է 2000–ականներից հետո (էջ 18)։ Ընկերությունների մոտ 70%–ը բախվում է բարձր որակավորմամբ մասնագետների պակասի հետ, ծրագրավորողներից մինչև մենեջերներ։ Հայկական աշխատաշուկայում միաժամանակ նկատվում է աշխատուժի և՛ ավելցուկ, և՛ պակաս (էջ 22)։ Պատրաստվում են մասնագետներ, որոնք չեն համապատասխանում բիզնեսի պահանջներին։ Դրա պատճառը կրթության և բիզնեսի միջև կապի բացակայությունն է։
Ընկերությունների 1/3–ի համար խնդիր է բարձր որոկավորում ունեցող մասնագետների արտահոսքը, բայց վերջին տարիներին այդ թվերը զգալիորեն կրճատվել են, ինչը ցույց է տալիս տեղական շուկայում նրանց պահանջված լինելը և պայմանավորված է ստարտափային ձեռնարկատիրության աճով։
Մոտ 40%–ի համար խոչընդոտ է ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը։ Նույն քանակի ընկերությունների համար խոչընդոտ է պետական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը, որն ազդում է ծրագրային ապահովման մշակման և ծառայությունների ոլորտների աճի վրա։ Հարկային և մաքսային ընթացակարգերը զարգացման խոչընդոտ են մոտ 1/3–ի համար։
Մոտ 25%–ի համար դժվար է միջազգային շուկա դուրս գալը։ Պատճառն այն է, որ Հայաստանը հայտնի չէ որպես տեխնոլոգիական երիկիր, որոշ պետությունների հետ էլ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ընկերությունների 20%–ը բախվել է առողջ տնտեսական մրցակցությանը չնպաստող գործոնների հետ։
Ներկայումս ՏՀՏ ընկերությունների թիվը մոտ է 1000–ին, որոնց կեսից մի փոքր ավելին տեղականներն են։ Օտարերկրյա ընկերություններն իրենց հետ բերում են նոր մշակույթ (2 էջ) և կապեր, իսկ տեղական ձեռնարկություններն արտապատվիրումից սեփական պրոդուկտին անցում կատարելով՝ տալիս են ավելի բարձրաժեք արտադրանք և ձեռք բերում ֆինանսական անվտանգություն։ Այժմ աշխտակիցների թիվը մոտենում է 20 000–ին։ ԱՏՁՄ–ի մշակած ոլորտային ռազմավարութունը նախատեսում է 8–10 տարում ունենալ 100 000 աշխատակից, որը երկրին կտա որակական աճ։ Դրա համար կարևոր է, որ այդ թվի մեջ մեծ լինի գիտահետազոտական ուղղվածությամբ աշխատողների թիվը և՛ ծրագրային, և՛ տեխնիկական ապահովման մշակման գործում։ Միայն գիտահետազոտական գործունեությամբ կարելի կլինի զարգացնել հիմնովին նոր ուղղություններ։ Օրինակ՝ անօդաչու սարքերի դերը միշտ չէ, որ բարձր է եղել։ Երբ ամբողջ աշխարհը ռազմական նպատակներով օգտագործում է կործանիչ ինքնաթիռներ, ոչ ոքի մտքով չի անցնում փոքրիկ սարքերով պատերազմել, դա ռազմական գործողությունների այլ սկզբունք և մոտեցում է։ Այստեղ գիտության դերը կայանում է ոչ միայն այդ սարքավորումները տեխնիկապես նախագծելու և հավաքելու մեջ, այլ նաև անօդաչու սարքերն ընդհանրապես որպես զենք դիտարկելու մտահաղացմա՛ն մեջ։ Դա սկզբունքային նոր ուղղություն է, որի գոյությունը սնվում է գիտահետազոտական գործունեությունից։
Վատագույն դեպքում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի աճը հավասար է հենց համաշխարհային շուկայի աճի չափին՝ 15–20% և տեղի է ունենում ինքնահոսի մատնված վիճակում։ Այս տարբերակը Հայաստանին տեխնոլոգիական գերակայություն չի տալու։ Կարելի է մոդելավորել ոլորտի զարգացման 3 (էջ 30) սցենար՝
1․ Թվային անտարբերության պատնեշի կամ «Stuck in Digital Negligence» առկայություն, երբ հասարակության լայն շերտերի համար բարձր տեխնոլոգիական լուծումները հասանելի չեն։ Այս դեպքում ամեն ինչ մատնված է ինքնահոսի։ Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ չեն ներդրվում ոռոգման ավտոմտացման համակարգեր, արհեստական բանականության օգնությամբ չեն կատարվում սնկային հիվանդությունների կամ վնասատուների հավանական զարգացման և տարածման դիտարկումներ, ընդհանրապես չի ավտոմատացվում որևէ բան։
2. Պատնեշի հաղթահարում կամ «Bottleneck Removal», երբ լուծվում են պարզ խնդիրներ՝ օրենսգիրք, ֆինանսներ և այլն։ Սա կարճաժամկետ պլանավորման և մարտավարական խնդիրների լուծման իրավիճակն է։ ՀՀ բնակչության 94%–ն արդեն ունի ինտերնետ, որի տարածումը բերել է օնլայն առևտրի աճի, որն էլ ենթադրում է համապատասխան գրոծիքների պահանջարկի։ Ինտերնետ գրագիության բարձրացման պարագայում էլ ավել շատ մարդ կներգրավվի այս գործընթացի մեջ։ Սա կհաղորդի որոշակի աճ, բայց այն ունի սահման։
3. Թվային հասարակության առաջխաղացում կամ «E-society Leadership», որի դեպքում կառավարությունը պրոակտիվ և ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում։ Արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ ոչ թե կիրառում են հատվածական այթի լուծումներ, այլ կոնկրետ ոլորտն ամբողջությամբ դառնում է բարձր տեխնոլոգիական և գիտական։
Երկրների զարգացումը պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլերի (էջ 41), որոնք կարող են հաջարդել իրար
1․ Ինֆորմացիոն հասարակություն, երբ տեխնոլոգիական լուծումների ներքին պահանջարկը բավարարելու համար և մեծ մասամբ պետական ուղղորդմամբ զարգանում է էլեկտրոնային կառավարումը, թվային հասարակությունը, հեռահաղորդակցությունը, համակարգչային գրագիտությունը, ինտերնետային անվտանգությունը և հիքեր են դրվում հետագա արտահանման համար։ Նման երկիր է Էստոնիան։
2․ Տարածաշրջանային էքսպանիայի կենտրոն, երբ երկիրը դիրքավորում է ինքն իրեն որպես տեխնոլոգիական երկիր և հավակնում է խոշոր պրոյեկտների մասնակցել։ Նման երկրներ են Իռլանդիան և Եգիպտոսը։ Ունենալով բեռնափոխադրաումների հսկայական ծավալներ՝ Եգիպտոսն այդ ամենը կառավարելու համար ժամանակակից գործիքների կարիք ունի՝ անօդաչու սարքերից միչև լոգիստիկա, առանց որոնց հնարավոր չէ սպասարկել Սուեզի ջրանցքով անցնող հսկայան նավերը։
3․ Բարձր տեխնոլոգիական կենտրոն, որի հիմքը բարձր որոկավորում ունեցող աշխատուժն է, ամբողջ աշխարհում մրցունակ գիտակրթական հաստատությունների ստեղծումը, STEM կրթության կայացումը, «R&D»–իում մեծ ներդրումներ անելը։ Քայլերի մեծ մասն արագ արդյունք չեն ապահովում և ուղղված են ապագային։ Նման երկրներ են Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսրայելն ու Սինգապուրը։
Հայաստանը դեռ 1–ին փուլի կայացման ընցաքի մեջ է։ Բայց հաջորդ՝ տարածաշրջանային էքսպանիսա իրականացնելու համար միայն տնտեսական նախադրյալները քիչ են։ Այս փուլի համար մեզ պետք է աշխարհայացքային փոփոխություն։ Հավակնոտությունը մեզ մոտ բացակայում է, իսկ մաքսիմալիզմը՝ վախ առաջացնում, Հայաստանի քաղաքական վարքագիծը վկա։ Էքսպանսիային՝ դեպի այլ երկրներ լուծումներ հասցնելուն խանգարում են նաև սպառման շուկա հանդիսացող երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Աֆրիկյան մի շարք երկրներ, հատկապես Եթովպիան, իրենց արագ զարգացման արդյունքում ունենի մեծաքանակ ու ոչ այնքան գիտատար լուծումների՝ վճարային տերմինալների, բանկոմատների, ցանցային բիզնեսի ավտոմատացումների, պարզ բիզնես լուծումների և այլնի կարիք, բայց այդ պոտենցիալը մեր չի օգտագործվում։ Մեկ այլ երկիր՝ Սաուդյան Արաբիան, որում տասնամյակներ տևած պահպանողական մոտեցումները փոխվում են, ահռելի գումարներ է ներդնում տնտեսության մյուս ճյուղերի մեջ, որպեսցի նվազեցվի նավթադոլաներից կախվածությունը։ Հայկական ընկերությունների հատուկենտ լուծումներ հասնում են այդ երկիր, բայց 2 երկրների միջև պետական մակարդակով հարաբերություններ չունենալու պատճառով շուկան ամբողջությամբ հասանելի չէ։
Համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն դառնալն էլ ավել բարդ է։ Պետք են հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ենթակառուցվածքնեց, տեխնոպարկեր և զարգացած գիտություն, որոնց ձեռքբերման համար պետք է իրագորրծել շատ խորքային բարեփոխումներ, նաև փոխել հասարակական ընկալումը գիտնականի կերպարի և բարձր տեխնոլոգիաների մասին։ Հայաստանում չկա «Ձախողման մշակույթ»։ Որևէ գործունեություն ծավալող և անհաջողություն ունեցող մարդկանց «Որոշակի փորձ» ունեցողի փոխարեն համարում ենք «Անհաջողակ»։ Սա մարդուն անգամ կարող է ետ պահել ոչ միայն ռիսկի գնալուց, այլ նաև խնդիրները բարձրաձայնելուց։
Տնտեսական զարգացման համար կարևոր են քաղաքական ազատությունները։ Հարկային արտոնությունները, ֆինանսավորումը, օրենսդրական բարեփոխումները, տեխնոպարկերի սեղծումը և պետություն–բիզնես ամեն տեսակի հարաբերությունները ոչ մի դեպքում չպետք է հիմնվեն կոնկրետ քաղաքական ուժի բարի կամքի վրա, քանի որ դա տևական չէ և պետական մարմիներին բիզնեսի մեջ անհարկի միջամտելու հնարավորություն է տալու, կամայականորեն արտոնություններ շնորհելով կամ դրանցից զրկելով, ինչը կարող է անգամ ուղղորդվել կոնկրետ ընկերության խոշոր մրցակիցների կողմից և ոչ միայն։ Այսպիսի սցենարից խուսափելու համար պետք է աշխատանքային գործունեության պաշտպանությունը և ոլորտի զարգացման հնարավորությունները դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Դրա համար պետք է ունենալ միայն ինքն իր վրա հենվող քաղաքացիական հասարակություն, որը մեր երկրում երբեք չի եղել։ Ինքնուրույն գործելու կարողության համար կարևոր գործոն է ֆինանսական անկախությունը։ Այթի և հարակից ոլորտներում զբղվածություն ունեցողներն ամենամոտն են միջին խավ ձևավորելուն, որն էլ քաղհասարակության կարևոր բաղադրիչ է։ Քաղհասարակության օրինակներ են արհմիությունները, բիզնես ասոցիացիաները, թիրախային շահեր հետապնդող խմբերը, սոցիալական հատկանիշով միավորված խմբերը, մասնագիտական խմբերը և այլ։ Բազմամարդ խմբեր կազմելու և գործունեություն ծավալելը նախևառաջ ենթադրում է միջանձնային հարաբերություններում վստահության առկայություն։ «Ազգերի վերելքը և անկումը» գրքում Ճապոնիայի (Էջ 46) և Գերմանիայի (Էջ 76) օրինակներով երևում է միջնձնային մակարդակում վստահության առկայության և տնտեսական աճի միջև եղած կապը։ Տարբեր տեսակի միություններով հարուստ երկրների ցանկում գլխավորապես տնտեսապես զարգացած երկրներն են։ Գրաֆիկը ցույց է տալիս, որ անծանոթ մարդկանց հանդեպ ունեցած վստահության մակարդակի և տնտեսական ցուցանիշների միջև կա կապ։ «Միությունները և կոլեկտիվ համաձայնությունը» գիրքը ներկայացնում է, թե ինչպես կարելի է միությունների միջոցով հասնել նաև աշխատանքային պայմանների բարելավմանը (Էջ 23)։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում միմյանց նկատմամբ վստահության մակարդակը ցածր է, մոտ 25 % (Էջ 6)։ Միգուցե այդ պատճառով Հայաստանում գործող ընկերությունների 84%–ի աշխատակիցների թիվը չի անցնում 25 — ից (էջ 32)։ Սա ոլորտի սարգացման համար լուրջ խնդիր է, քանի որ ամբողջ ոլորտի ստեղծած եկամուտների միայն 2–ից 3%–ն է բաժին ընկնում փոքր ընկերություններին, մինչդեռ եկամուտների առյուի բաժինը ստեղծվում է բազմամարդ կոլեկտիվներում (էջ 14)։
Այթի ոլորտը միայն կոդ գրելը չէ, ոչ էլ անգամ մաթեմատիկան, ալգորիթմները և տվյալների կառուցվածքները։ Բարձր տեխնոլոգիաներ ունենալու նպատակը միայն անձնական մակարդակում խնդիրներ լուծելը չէ, այլ նաև պետական խնդիրների լուծմանը նպաստելը։
Օգտագործված հիմանական սկզբնաղբյուրները՝
1) https://www.eif.am/arm/researches/report-on-the-state-of-the-industry/
2) https://www.eif.am/arm/researches/armenian-it-industry-growth-model/
3) https://www.eif.am/arm/researches/armenia-e-health-feasibility-study-2010/
Օգտագործված լրացուցիչ նյութերի սկզբնաղբյուրները՝
1) Ուղիների միակցում, տրանսպորտ, աղքատություն և սոցիալական ներառում, Փաստեր Հայաստանից — https://documents1.worldbank.org/curated/en/766101523858189286/pdf/125193-WP-Armenian-13-4-2018-10-51-57-FinalReportArmenianApril.pdf
2) Երևան քաղաքի և ՀՀ մարզերրի սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրները — https://asue.am/upload/files/ner-git_dram_Tigranyan.pdf
3) https://fragilestatesindex.org/analytics/fsi-heat-map/
4) Armenia, Teacher Profile and Policies — https://openknowledge.worldbank.org/bitstream/handle/10986/35540/Armenia-Teacher-Profile-and-Policies.pdf
7) https://www.forbes.com/sites/robtoews/2021/06/01/what-artificial-intelligence-still-cant-do
8) https://www.forbes.com/sites/wadeshepard/2020/01/31/welcome-to-the-worlds-next-tech-hub-armenia
9) Digital resonance — https://www.kearney.com/digital/gsli/2019-full-report
10) https://www.bbc.com/news/world-europe-12158341
11) http://library.asue.am/open/4831.pdf
12)http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/content.html
14) Internet use in Armenia — https://blogs.worldbank.org/europeandcentralasia/internet-use-armenia-how-might-connectivity-shape-access-opportunity
15) The IT Sector in Armenia Is Forming a Middle Class — https://evnreport.com/economy/the-it-sector-in-armenia-is-forming-a-middle-class
16) https://stats.oecd.org/Index.aspx?DataSetCode=CBC
17) https://ourworldindata.org/grapher/self-reported-trust-attitudes?tab=map
18) (Dis)trusting People and Political Institutions in Armenia — https://www.researchgate.net/publication/317505194_Distrusting_People_and_Political_Institutions_in_Armenia
Հայաստանյան տնտեսության կառուցվածքի և վիճակի մասին հավելյալ տեղեկություններ հետաքրքրվողների համար՝
1) Realizing Armenia’s High-Tech Potential — https://openknowledge.worldbank.org/handle/10986/33027, (հայերեն և անգլերեն)
2) ԻՏՁՄ Ռազմավարական պլանը հայերեն՝ https://www.uate.org/media/2019/02/UITE 2017-2021-Strategy-AM_616.pdf և անգլերեն՝ https://www.uate.org/media/2019/02/UITE-2017-2021-Strategy-EN_618.pdf
3) Unleashing Armenia’s Development Potential — https://www.worldbank.org/en/results/2019/09/13/unleashing-armenias-development-potential
5) Future Armenia, Connect, Compete, Prosper — https://documents1.worldbank.org/curated/en/716961524493794871/pdf/Armenia-SCD-in-Eng-final-04192018.pdf
6) Document of The World Bank Group — https://documents1.worldbank.org/curated/en/523501552357219076/pdf/armenia-cpf-fy19-fy23-february-27-final-update-3-4-19-03062019-636876792405788612.pdf